Երբ դիաբետը «կծում է» ոտքերը
Եթե դուք կամ ձեր մտերիմն ունեք շաքարային դիաբետ, ապա գիտեք, թե որքան նենգ կարող է լինել այս հիվանդությունը: Սակայն կա մի բարդություն, որին պետք է հետևել առանձնահատուկ ուշադրությամբ. դա դիաբետիկ թաթի համախտանիշի իշեմիկ ձևն է:
Ի՞նչ է սա նշանակում պարզ բառերով:
Դիաբետը վնասում է արյունատար անոթները: Երբ դա տեղի է ունենում, արյունը դադարում է լավ հասնել մատներին և թաթին: Հյուսվածքները սկսում են «սովահար լինել»՝ նրանց թթվածինը չի բավականացնում: Ի տարբերություն սովորական վիճակների, այստեղ խնդիրը կարող է զարգանալ կայծակնային արագությամբ:
Ինչպե՞ս է դա արտահայտվում:
  • Ցավը գլխավոր ախտանիշն է
    • Սուր, այրող ցավ թաթի, մատների կամ ներբանի շրջանում:
    • Ցավը կարող է լինել անտանելի, հատկապես գիշերը:
    • Ցավազրկող դեղահաբերը հաճախ բավարար չափով չեն օգնում:
  • Ոտքի արտաքին տեսքը փոխվում է.
    • Մաշկը դառնում է շատ գունատ կամ կապտավուն երանգով:
    • Մաշկը շոշափելիս սառն է:
    • Հաճախ թաթի վրա մազեր չկան (դրանք թափվում են մաշկի վատ սնուցման պատճառով):
    • Տեսանելի են խոցեր, սովորաբար թաթի եզրերին՝ մատների ծայրերին, կրունկներին
  • Խոցերն ունենում են տարօրինակ տեսք.
    • Դրանք «չոր» են, ոչ թե թաց:
    • Հաճախ ծածկված են սև կեղևով (դրանք մեռուկացած հյուսվածքներ են):
    • Չեն լավանում, ինչպես սովորական վերքերը:
  • Անոթազարկը (պուլսը) ոտքի վրա չի շոշափվում
    Սա շատ կարևոր նշան է, որը բժիշկը կստուգի հենց առաջին զննման ժամանակ:
Ինչո՞ւ է սա վտանգավոր:Որովհետև բարձր շաքարը և վատ արյան շրջանառությունը մահացու համակցություն են: Նույնիսկ փոքրիկ քերծվածքը կարող է դառնալ գանգրենայի (հյուսվածքների մեռուկացման) սկիզբ: Հյուսվածքները պարզապես ուժ չունեն վերականգնվելու համար:
Ի՞նչ անել: Շտապ դիմել բժշկի: Սա «վաղը կտեսնենք»-ի հարց չէ: Սա պահանջում է բուժում հենց հիմա:
Բժիշկը կնշանակի.
·         նալիզներ և անոթների ՈւՁՀ՝ հասկանալու համար զարկերակների վիճակը:
·         Դեղորայք շաքարի խիստ վերահսկողության համար:
·         Հնարավոր է՝ վիրահատություն կամ արյան հոսքի վերականգնման միջամտություն:
·         Խոցերի մշակում և վիրակապություն:
Գլխավոր կանոնը. Շաքարի վերահսկում + Արյան հոսքի վերականգնում = Թաթի փրկություն:
Ինչպե՞ս կանխարգելել

Եթե ունեք դիաբետ, հիշե՛ք.
·         Ստուգեք ոտքերը ամեն օր (նույնիսկ եթե գանգատներ չունեք):
·         Շաքարը պահեք նորմայի սահմաններում (սա ամենակարևորն է):
·         Բոբիկ մի՛ քայլեք:
·         Եղունգները կտրեք շատ զգույշ:
·         Ոտքերը լվացեք գոլ ջրով, ոչ թե տաք:
·         Ստուգեք ձեր կոշիկները. դրանք չպետք է սեղմեն:
·         Տարին մեկ անգամ ցույց տվեք ոտքերը բժշկին:
Արմինե Արմենի Սավայան, բժշկակն գիտությունների թեկնածու
Բժիշկ-սոնոգրաֆիստ
Made on
Tilda